Դեպի վեր

14.04.2016

Սեմինար Երևանում


 

«Գեոինֆո» ՍՊԸ գիտա-կիրառական կենտրոնի կողմից 2016թ. մարտի 31-ին Երևանում՝ Համահայկական բնապահպանական ճակատի գրասենյակում, կազմակերպվեց «Հայաստանի անտառների հասարակական մոնիտորինգ»-ի հերթական դասընթացը հետևյալ թեմաներով.

 

- Անտառի ապօրինի գործողությունները և անտառային օրենսդրությունը,

-GPS նավիգացիոն համակարգի ուսուցում` անտառում և տեղանքում կողմնորոշում, բացահայտված ապօրինության գրանցում, տվյալների հավաքագրում և փոխանցում:

 

Հայաստանի անտառների հասարակական մոնիտորինգի ծրագրի երկրորդ փուլը իրականացվում է ENPI FLEG II («Եվրոպական հարևանության քաղաքականության արևելյան երկրների և Ռուսաստանի անտառային օրենսդրության կիրարկման և կառավարման բարելավում») ծրագրի շրջանակներում:

 

Դասընթացին ներկա էր 17 մասնակից, այդ թվում՝ բնապահպանական ՀԿ ներկայացուցիչներ, ակտիվիստներ, անտառագետներ, աշխարհագրագետներ, լրագրողներ և ուսանողներ: 

 

Դասընթացի ընթացքում քննարկվեցին հետևյալ հիմնահարցերը`

 

Անտառային օրենսդրություն, ապօրինի գործողություններ, անտառային տարածքների մոնիտորինգ, արբանյակային պատկերների վերծանում, անտառում բացահայտված ապօրինության գրանցում, GPS նավիգացիոն համակարգի կիրառում, ինտերակտիվ քարտեզների օգտագործում, տվյալների հավաքագրում և փոխանցում:

Մասնակիցները նաև դիտեցին 3 ֆիլմ ՀՀ անտառկազմող տեսակների, խնամքի և սանիտարական հատումների իրականացման վերաբերյալ, որոնք պատրաստվել են Հայաստանի անտառների հասարակական մոնիտորինգ ծրագրի շրջանակում:

 

Կամավորները, ովքեր Հայաստանի անտառների հասարակական մոնիտորինգի շրջանակներում արդեն իրականացրել են մի շարք դաշտային ուսումնասիրություններ, ներկայացրին իրենց ունեցած հաջող փորձը և նոր մասնակիցներին հորդորեցին միանալ դաշտային մոնիտորինգի իրականացման աշխատանքներին: Դաշտային ուսումնասիրությունները ավելի արդյունավետ դարձնելու և գործնականում գիտելիքները ճիշտ կիրառելու նպատակով կամավորները առաջարկեցին նաև գործնական դասընթացներ կազմակերպել դաշտային պայմաններում: