<<Անտառների հասարակական մոնիտորինգ>> ծրագրի շրջանակներում /ՀԲՃ/ քաղաքացիական նախաձեռնության կամավորների խմբի կողմից 2016թ. փետրվարի 6-ին դաշտային ուսումնասիրություններ են իրականացվել <<Հայնտառ> ՊՈԱԿ-ի <<Լալվարի>> անտառտնտեսություն մասնաճյուղում, որոնց արդյունքում.
<<Շնողի>> անտառպետության 3-րդ , 5-րդ, 7-րդ քառակուսիներում հայտնաբերվել են թվով 500 և ավել ապօրինի հատված ծառերի կոճղեր:
Հատումներն իրականացվել են մոտ 20կմ երկարություն ունեցող նոր բացված ճանապարհի երկայնքով, որը կառուցվել է վերջին տարիներին <<Թեղուտ>> հանքավայրի շահագործման նպատակով:
Հարկ է նշել, որ հատված ծառերի մի մասի վրա կային ներկով արված անընթեռնելի նշումներ, սակայն հատումներն իրականացվել են 35° և ավել թեքություն ունեցող լանջերին և համաձայն ՀՀ <<Անտառային օրենսգրքի>> 30° ավել թեքության վրա գտնվող անտառները դասվում են պաշտպանական նշանակույան անտառներին և չի թույլատրվում այդպիսի հատումներ: Նման թեքության լանջերին այդ ծավալներով հատումները արդեն իսկ հանգեցրել են սողանքային պրոցեսների, և նույն տեմպերով շարունակվելու դեպքում անտառների փոխարեն կլինի ուղղակի անապատ: